Մեկնարկեց կոնֆերանսը

Այսօր՝ հոկտեմբերի մեկին Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով երկօրյա կոնֆերանսի հանդիսավոր բացումը, որին հաջորդեցին զեկուցումների երկու փուլերը:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հյաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ և Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, Շախմատի եվրոպական միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին, ՖԻԴԵ-ի` Շախմատը դպրոցում հանձնաժողովի նախագահ Քեվին Օ’Քոնելը, մի շարք պատվավոր հյուրեր, ինչպես նաև շուրջ 20 երկրների ավելի քան 50 մասնակիցներ: Վերոնշյալ պաշտոնյաները հանդես եկան ողջույնի խոսքերով՝ ցանկանալով կոնֆերանսի մասնակիցներին գաղափարների արդյունավետ փոխանակում:

Կոնֆերանսի առաջին օրվա ընթացքում ներկայացվեցին հայ հոգեբանների, սոցիոլոգների, մեթոդիստների, ինպես նաև շախմատի դասագրքի հեղինակների զեկույցները` հետևյալ հինգ ուղղություններով՝

  • Շախմատային կրթություն և անձի զարգացում,
  • Շախմատի ուսուցման սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրներ,
  • Շախմատի ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման հիմնախնդիրներ,
  • Շախմատի ուսուցման տեխնոլոգիական և մեթոդական կողմեր,
  • Շախմատը և ներառական կրթության պրակտիկան

Զեկուցումներին հաջորդեց հարց ու պատասխանի փուլը, որն անցավ բուռն մթնոլորտում և ուղեկցվեց ակտիվ քննարկումներով, ինչը խոստումնալից է նոր նախաձեռնությունների և փոխադարձ համագործակցության տեսանկյունից:

Ելնելով միջազզային կոնֆերանսի մասնակիցների դրական արձագանքներից՝ կոնֆերանսի երկրորդ օրը ևս խոստանում է լինել հետաքրքիր, քանզի անգամ ընդմիջումների և հարց ու պատասխանի փուլում մասնակիցներն ակտիվորեն կիսվում էին Շախմատը դպրոցում ծրագրի հետագա զարգացմանն ուղղված իրենց գաղափարներով և մտահոգություններով: