Ծաղկաձոր

Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Մայրաքաղաք Երևանից հեռավորությունը կազմում է 60 կմ, ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1841 մ է, քաղաքի կարգավիճակ ստացել է 1984թ.-ին: Քաղաքի հիմնական մասը փռված է Թեղենիս լեռան արևելյան լանջին, այն իր նշանակությամբ համարվում է հանրապետության առաջատար զբոսաշրջային  կենտրոններից մեկը: Բնակչությունը կազմում է մոտ 1700 մարդ: Քաղաքի անվանումը ծագում է Ծաղկունյաց լեռների անվանումից: Հնում այն կոչվել է Ծաղկոցաձոր: Վաղ միջնադարում գավառը հանդիսացել է Արշակունի արքաների որսատեղի: Հայտնաբերված նյութական մնացորդները վկայում են, որ Ծաղկաձորը որպես բնակատեղի գոյություն է ունեցել Ք. ա. III հազ. կեսից: VI-VII դդ. գավառն անցնում է Կամսարականների նշանավոր նախարարական տանը, իսկ X դ.`  Պահլավունիներին: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033 թ. Կեչառույքում եկեղեցի է կառուցում` այն կոչելով Գրիգոր Լուսավորչի անվամբ: Այսպես դրվում է հռչակավոր Կեչառիսի վանական համալիրի հիմքը: Այսօր Ծաղկաձորն իրենից ներկայացնում է բարեկարգ հրապարակներով, փողոցներով, գիշերային շքեղ լուսավորությամբ, ժամանակակից հյուրանոցներով, հանգստյան տներով քաղաք, և այն գրավիչ է թե՛ ամռանը և թե՛ ձմռանը:

Քաղաքում գործում են բարձրորակ ծառայություններ մատուցող շուրջ 40 ժամանակակից հյուրանոցներ և հանգստյան տներ:

Ծաղկաձորի դիմագծից անբաժանելի է Կեչառիսի վանական համալիրը, որն ամբողջությամբ վերանորոգվել է 2001թ.-ին:

Քաղաքի մշակութային օջախներից է հայ ժողովրդի տաղանդավոր զավակներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

Ծաղկաձորը Հայաստանի ամենասիրված և նրա սահմաններից դուրս ամենահայտնի հանգստավայրն է: